6 պարզ հնարք ջեռուցման ծախսերը կրճատելու համար
Ինչպես հաճախ կրկնում են ամերիկյան սիրված սերիալի` Game of thrones-ի հերոսները՝ ձմեռը մոտենում է (winter is coming): Բոլորս կրկին բախվելու ենք բնակարանը ջեռուցելու խնդրին: Այս առիթով ներկայացնում ենք մի քանի պարզ հնարք, որոնց հետևելու դեպքում կկարողանաք կրճատել ջեռուցման ծախսերը:
1. Տեղափոխեք բազմոցը
Կահույքը ջեռուցման սարքերի դիմաց տեղադրելը ամենատարածված սխալներից է: Փորձեք հնարավորինս ազատ պահել ջեռուցման սարքերի շուրջ տարածությունը: Կահույքի տեղափոխությունը ոչ միայն կօպտիմալացնի ջեռուցումը, այլ նաև նոր շունչ կհաղորդի Ձեր բնակարանին:
2. Բաց թողեք դռները
Խոսքը բնականաբար տան մուտքի կամ պատշգամբի դռան մասին չէ: Սովորություն դարձրեք ճաշ պատրաստելիս բաց թողնել խոհանոցի դուռը, իսկ լոգանքից հետո՝ լոգարանինը: Թույլ տվեք՝ ջերմությունն ու գոլորշին տարածվեն ողջ բնակարանով:
3. Շփվող եղեք:
Եթե տանը չեք, անհրաժեշտություն չկա օգտագործել ջեռուցման համակարգը ողջ հզորությամբ: Ավելին` կարճատև ընդմիջումները կնպաստեն ջեռուցման համակարգի երկարատև ու անխափան աշխատանքին:
Ուստի՝ եղեք նախաձեռնող, հաճախ այցելեք հարազատներին ու ընկերներին: Փորձեք այս մեթոդը շաբաթվա մեջ մի քանի օր և էականորեն կկրճատեք ծախսերը:
4. Ջերմամեկուսացրեք ձեր բնակարանը:
Հիմնականում տան ջերմությունը կորչում է պատուհանների և դռների շրջանակներից: Այս խնդիրը կարող եք լուծել կպչուն ջերմամեկուսիչ ժապավենների միջոցով. դրանք կարող եք գտնել ցանկացած տնտեսական խանութում:
5. Փակցրեք այլումինե փայլաթիթեղներ (ֆոլգա) ջեռուցման սարքերի հետևում՝ պատի վրա:
Եթե ջեռուցման սարքը տեղադրված է տան արտաքին պատի վրա, ապա ջերմության կորուստը շատ ավելի մեծ է: Ուստի առաջին հերթին պետք է ծածկել այդ հատվածը:
Կան ջերմամեկուսացման համար նախատեսված հատուկ փայլաթիթեղներ, սակայն հասարակ խոհանոցային փայլաթիթեղը նույնպես վատ տարբերակ չէ:
6. Հաստ վարագույրներ:
Ջերմության կորստի մեծ մասը տեղի է ունենում պատուհաններից: Հաստ վարագույրները կօգնեն նվազեցնել կորուստը: Այս հնարքից ցանկալի է օգտվել երեկոյան: Իսկ ցերեկային ժամերին բացեք վարագույրը և թույլ տվեք ձմռան արևը ջերմացնի Ձեր բնակարանը:
Ջեռուցման ծախսերից, ամեն դեպքում, խուսափել չի ստացվի, սակայն փոքրիկ հնարքներով կարելի է հնարավորինս կրճատել ծախսերը և գումար տնտեսել ամանորյա նվերների համար: